Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Քրոնիկական հոգնածության համախտանիշ

Քրոնիկական հոգնածության համախտանիշ

Քրոնիկական հոգնածության համախտանիշը միայն աշխատամոլների մոտ չէ, որ լինում է: Եվ, ընդհանրապես, սովորական հոգնածության հետ այն ընդհանրապես կապ չունի: Բժիշկները որոնում են քրոնիկական հոգնածության համախտանիշի իմունաբանական, ինֆեկցիոն, նյարդաբանական պատճառները և, առայժմ, ոչ այնքան արդյունավետ:

 

Իսկ հոգեբաններն առաջ են քաշում իրենց տեսությունը. այս հիվանդության մեղավորը ինֆորմացիայով գերլցված աշխարհում ապրող մարդկանց արձագանքն է սթրեսի հանդեպ:  Եվ նրանք  առաջ են քաշել կենսական մի քանի խնդիրներ, որոնք քրոնիկական հոգնածության համախտանիշի պատճառ կարող են լինել:

 

Հոգնել անգործությունի՞ց: Քրոնիկական հոգնածության համախտանիշի նման վիճակն առաջանում է այն ժամանակ, երբ օրգանիզմում խախտվում է արտաքին միջավայրից ստացված ազդակների և դրանց հանդեպ մեր ռեակցիայի հավասարակշռությունը: Իսկ ինչու՞ քրոնիկական հոգնածության համախտանիշը հաճախ լինում է տնային տնտեսուհիների կամ միապաղաղ, միակերպ աշխատանք ունեցող մարդկանց մոտ, ինչպես նաև անգործների, ովքեր օրերով պառկած են բազմոցին, առանց մատը մատին խփելու: Որովհետև նրանց մոտ նյարդային համակարգի խթանումը բավարար չափով չի լինում:  Չափավոր քանակությամբ սթրեսը բարենպաստ է առողջության համար, այն օրգանիզմին հնարավորություն է տալիս կենտրոնացնել ուժերը, որպեսզի կարողանա ճիշտ արձագանքել արտաքին միջավայրի ազդակներին և պաշտպանվել:  Իսկ երբ այդ ազդակները քիչ են լինում, օրգանիզմը սկսում է «հանձնվել»: Նույնը տեղի է ունենում, երբ ազդակները շատ ակտիվ են լինում: Խիստ ակտիվ ազդակների օրինակներն ամենուր են և տառացիորեն բազմանում են հասարակության մեջ: Այսպիսով, քրոնիկական հոգնածության համախտանիշը դառնում է ծրագրավորված հիվանդություն:  

 

Գերազանցիկի համախտանիշը դրսևորվում է կատարելության հասնելու ձգտումով, որը խրախուսվում է  ամեն ինչով` գովազդներով, կինոներով, հանրամատչելի գրականությամբ, որտեղ անընդհատ շեշտվում է, որ տառացիորեն յուրաքանչյուրը կարող է և պետք է հարստանա, փառքի հասնի, լինի հաջողակ, շրջապատի մարդկանց հիացմունքին արժանանա: Ընդ որում, այդ ամենը ամեն մեկի մոտ էլ կա, միայն տվյալ անհատից է կախված, կդրսևորի նա այդ հատկանիշները, թե` ոչ: Բարձրի պատնեշն հաղթահարել ձգտող մարդը հաճախ իր առջև ուժից վեր խնդիրներ է դնում: Օրինակ, նա կարող է հաջողակ մենեջեր լինել կամ լավ դերասան, բայց դրա հետ մեկտեղ, նա կարող է հաջողակ չլինել, օրինակ, անձնական կյանքում, կամ ընկերների հետ հարաբերություններում, կամ երեխաների դաստիարակության հարցում: Իսկ առաջին հերթին, նա պետք է հոգեկան հավասարակշռություն ձեռք բերի, քանի որ դեռ ոչ մեկին չի հաջողվել անընդհատ հաջողության գագաթնակետին լինել: Նույնիսկ ամենահռչակավոր մարդիկ ժամանակ առ ժամանակ անկումներ են ունեցել, իսկ այն դիրքորոշումը, թե ամեն ինչ կամ պետք է կատարյալ անել, կամ ընդհանրապես չանել, ժամանակի հետ նյարդային ցնցման պատճառ է դառնում:

 

Այն հաղթահարելու համար շատ կարևոր է դժվար պահերին ինքնաներումը, ինքդ քեզ փոքրիկ թուլություններ թույլ տալը, ոչ թե ողջ ուժով շարունակել սլանալ դեպի վերջնագիծը: Սիրեք ինքներդ ձեզ, ոչ թե ձեր երևակայած կերպարը, մի մոռացեք, որ դուք իրական մարդ եք, ինքնատիպ անձնավորություն, ոչ թե ինչ-որ մեկի կողմից հնարած երևակայության արդյունք:    

 

Նախանձի զգացումը հաճախ էներգիայի շատ մեծ կորստի պատճառ է դառնում: Քանի որ նախանձը դեստրուկտիվ զգացում է, բարդույթների և չարակամության իսկական գեներատոր: Նախանձը չի բուժվում: Եթե մարդը դրանով լրջորեն է տառապում, ուրեմն ՙվիճակը շատ վատ է՚: Պետք է ձգտել առավել դրական զգացողությունների վրա կենտրոնանալ. հիանալ բնությամբ, սիրելի մարդու արարքներով, արվեստի գործերով: Հիշեք, որ նույնիսկ ամենահաջողակ մարդն իրենից ավելի վեր կանգնածին նախանձելու առիթներ ունի: 

 

Սեփական ուժերի հանդեպ անվստահությունն Էներգիան իզուր վատնելու ևս մեկ միջոց է, և դա ստիպում է մշտապես կողմնորոշվել շրջապատի մարդկանց կարծիքով: Միևնույն ժամանակ, ակտիվության առյուծի բաժինը ծախսվում է այն բանի վրա, թե ինչպես արձագանքել գործընկերների, ընկերների, հարազատների ենթադրյալ մտքերին, զգացմունքներին, բառերին, դեմքերի արտահայտություններին: Այդ բարդույթի հիմքում անինքնավստահությունն է, հավանության արժանանալու մշտական ցանկությունը: 

 

Հիշեք, մարդիկ սովորաբար այնքան էլ շատ հետաքրքրված չեն ձեր հաջողություններով կամ անհաջողություններով: Նրանց ուշադրությունը կենտրոնացած է միայն իրենց վրա, իսկ ձեր վարքագիծը, որպես կանոն, նրանց գիտակցության եզրագծով է սահում: Սովորաբար նրանք հեշտությամբ են մոռանում այն, ինչ ժամանակին ասել են ձեր մասին, իսկ դուք պատրաստ եք օր ու գիշեր մտածել պատահական ասված խոսքի մասին: Մտածել է պետք. արժե՞ արդյոք էներգիան իզուր վատնել:   

 

Քչով չբավարարվելու ցանկությունը երբեմն էներգիայի կորստի պատճառ կարող է լինել, դրան կարող է նպաստել այնպիսի ցանկությունը, ինչպիսին ինքնառեալիզացիան է: Մեր ժամանակներում նորաձև է դարձել  պնդել, թե մարդու հնարավորություններն անսահամանափակ են: Դա այդպես չէ: «Գլխից վերև թռչել» կարող են միայն որոշ մարդիկ, այն էլ վիթխարի ջանքեր գործադրելուց հետո, որի արդյունքում էլ հաճախ կորցնում են այն ամեն լավը, ինչ ձեռք էին բերել նախորդ «աստիճանում»: 

 

Սովորեք ուրախանալ այն ամենով, ինչ ունեք: Հիշեք, ամեն մի հաղթանակի մեջ պարտության բաժինը կա, իսկ ամեն մի պարտություն դրական կենսափորձ է ապահովում: Ծառայողական սանդղակով վեր չբարձրացած մարդը կարող է ավելի շատ վայելել ազատության հաճույքը, հանգստանալ պատասխանատվության լարվածությունից, նա առողջությունը պահպանելու ավելի շատ հնարավորություններ ունի: 

 

Ժլատությունը խարխլում է ներքին պաշտպանության սահմանները, և այն բավական տարածված զգացում է: Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր մշտապես սպասում են, թե իրենց կխաբեն, կմոլորեցնեն: Նման մարդիկ ստիպված են  մշտապես զսպված լինել, խնայել ուժերը, դրանք ավելի «թանկ» վաճառելու համար: 

 

Նման վարքագծի ռացիոնալ լինելը թվացյալ է: Մենք երբեք չենք կարող հաշվարկել, թե ինչ և որքան «հետ կստանանաք»ի պատասխան մեր ջանքերի: Ասում են, որքան շատ է մարդը տալիս, այնքան շատ է նա ստանում, թող որ շրջապատի մարդկանց լավ վերաբերմունքի, երախտագիտության տեսքով, որը հզոր լիցքավորում է ներքին«պաշարների» համար:  

 

Ապրել ոչ լիարժեք, «կեսուժով»: Որքան էլ տարօրինակ լինի, էներգիայի հոսքի պատճառ կարող է լինել նաև այդ նույն էներգիայի ծայրահեղ տնտեսումը: Յուրաքանչյուր գործունեություն հինգ բաղադրատարր ունի` նպատակ-պլան-կատարում-վերահսկողություն-ներքին գնահատական: Եթե մարդն այդ բաղադրատարրերից միայն մի քանիսն ունի, օրինակ, նպատակ չի դնում (նրա փոխարեն դա անում են ուրիշները), կամ գնահատելը թողնում է ղեկավարությանը կամ հարազատներին, արդյունքում նրա մոտ կուտակվում է հոգեբանական լարվածությունը, որն էլ քրոնիկական հոգնածության պատճառ է դառնում: Նրանք, ում հաջողվում է սեփական ձեռքում պահել բոլոր հինգ բաղադրատարրերը, սովորաբար չեն հոգնում, նրանք իրենց ակտիվությունից էներգետիկ լիցքավորում են ստանում: 

 

Փորձեք արձակուրդի ժամանակ զբաղվել այնպիսի բաներով, որոնցից չեք կարող բարձր «գնահատականներ» ստանալ: Ինքներդ ձեզ թույլ տվեք մի քիչ էլ «երեքներ» վաստակել: Գլխավորը սովորական զբաղմունքից հեռանալն է, կարգավորել հոգեկան վիճակը, գտնել գլխավոր կողմնորոշիչները:

 

Էներգիայի աղբյուրները, որոնցով այնքան հարուստ է շրջակա աշխարհը, կլրացնեն ձեր պաշարները և կօգնեն մոռանալ քրոնիկական հոգնածության համախտանիշը: 

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 6-7.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ